Աշնան արևը…

14064118_1088746127913397_4504008239879827180_n Ամռան արևից բոլորս փախչում ենք, նույնիսկ մի քանի րոպե սարսափում ենք կանգնել նրա  ճառագայթների տակ: Ամռան վերջին օրերին բոլորս զով աշուն ենք երազում,այլևս չենք ուզում նայել արեգակին: Եվ հանկարծ…ընդամենը մի քանի օր անց՝ կրկին արև ենք կանչում, արև ենք երազում, և նորից արևը  դառնում է բաղձալի, դառնում է ցանկալի:Մտածում եմ՝ ինչո՞ւ է այսպես: Երեկ արևը մեր թշնամին էր, այսօր՝ ամենասիրելի բարեկամը: Կյանքում էլ է այդպես. մի օր սրտակից ընկերներ են, ժամանակ անց՝ անհաշտ հակառակորդներ: Բնության փոփոխությունը, փաստորեն, ազդում է նաև մեր բնավորության ու վարքագծի վրա: Հիմա ես աշնան պես տխրել եմ,ամփոփվել եմ ինքս իմ մեջ ու սպասում եմ: Ոչ մի տեղ չեմ ուզում գնալ, ոչ մեկին չեմ ուզում տեսնել: Իմ սիրտը կարող է բացել միայն արևը, թեկուզ՝ ոչ այնքան ջերմ, ոչ հրաշունչ… աշնան արևը… և կրկին մտածում եմ՝ ինչո՞ւ է այսպես: Հետո կարծես հասկանում եմ, որ այլ կերպ լինել չէր կարող: Հակառակ դեպքում՝ միօրինակությունը մեզ պարզապես կոչնչացներ, և մենք կընկնեինք այն մարդու օրը, ով սարսափելի հոգնել է՝ թեկուզ և անչափ գեղեցիկ, բայց անվերջանալի գարունից,արևով ողողված օրվանից:

Հեղինակ՝ Քրիստինե Ասլանյան:

Оставьте комментарий